211652_close_icon
views-count13883 դիտում article-date 14:19 31-05-2018

Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի երեխաներին, աշխարհի բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: Առանձնահատուկ կամենում եմ նշել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բնակավայրերի երեխաներին, ովքեր ծննդյան օրից սահմանապահ են: Ջերմ շնորհավորանքներս մեր նահատակ մարտական ընկերների երեխաներին, թոռներին եւ պատանի երկրապահներին: Երեխաները մեր ապագան են: Մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը: Հզոր Հայաստան, բարեկեցիկ, պաշտպանված Արցախ ունենալու նպատակով` մենք, գործընկեր կառույցների հետ համատեղ, շարունակաբար պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացներ ենք կազմակերպում: Երկրապահում պատանիներն ու աղջիկները հայրենասիրական դաստիարակություն են ստանում, մեր այս կառույցով անցած երեխաները լավ մարդ, լավ մասնագետ են դառնում, դառնում են լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ երկրի, ազգի եւ իրենց ընտանիքների համար: Երկրապահի, պաշտպանության եւ կրթության եւ գիտության նախարարությունների ստորագրած եռակողմ հուշագրի ոգով մենք պատանի երկրապահներին սովորեցնում ենք սիրել հայրենիքն ու ճանաչել աշխարհը, ծանոթացնում ենք ազգային եւ համամարդկային արժեքներին: Շնորհավորում եմ ամենքիս նաեւ Եռասերունդ Երկրապահի ճամբարում պատանի երկրապահների ուսումնամարզական վարժանքների սեզոնի բացման կապակցությամբ: Արդեն տասն օր է, որ մենք սկսել ենք ճամբարային գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ այստեղ պատանի երկրապահները զուգորդելու են ամառային հանգիստը եւ ուսումնամարզական վարժանքները: Յուրաքանչյուր առարկայի դասավանդումն, ի դեպ, վստահված է տվյալ ոլորտի լավագույն մասնագետների: Այս հարցում մեզ լիուլի աջակցում են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, գործընկեր կառույցների` պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արդարադատության, սփյուռքի, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, կադաստրի կոմիտեի, ոստիկանության, փաստաբանների պալատի մասնագետները, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները, ովքեր նույնպես կամավորական են, ովքեր նույնպես դասընթացներում ընդգրկվել են կամավորության սկզբունքով: Այս տարվա ամառային վարժանքները կանցնեն 14 հերթափոխով, եւ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված կլինեն մոտ 7 000 պատանի երկրապահ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանի բոլոր բաժանմունքներից, Արցախի բոլոր վարչական շրջաններից, նաեւ` Սփյուռքից: Դասընթացներում ընդգրկված են գործընկեր կառույցների աշխատակիցների երեխաներ, նաեւ`ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Մենք էլ այս կերպ ենք փորձում պաշտպանել երեխաների իրավունքները: Ի դեպ, ճամբարային գործընթացում պատանիների կողքին կլինեն նաեւ երիտասարդ երկրապահներ, ավագ սերնդի երկրապահներ, բոլոր 14 հերթափոխերում ընդգրկված անձանց ընդհանուր քանակն ավելի կլինի 8 000-ից: Եվս անգամ շնորհավորելով մանուկներին իրենց միջազգային տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ անամպ երկինք, առողջություն, հաջողություններ, պայծառ ապագա: [b]ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր