211652_close_icon
views-count6573 դիտում article-date 08:45 31-05-2018

Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին Պետքարտուղարության տարեկան զեկույցը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը, որը ուսումնասիրում է իրավիճակն այս ոլորտում շուրջ 200 երկրների շրջանում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4416524.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը անդրադարձել է բուդդիստական Մյանմարում Ռոհինգիայի մահմեդականների հետ կապված իրավիճակին: Հիշեցնենք, որ հարյուր հազարավոր մահմեդականներ ստիպված են եղել հեռանալ հարևան Բանգլադեշ՝ հալածանքներից խուսափելու համար: «Կարծում եմ իրավիճակը վատթարացել է, ուստի անհրաժեշտ է ավելի գործուն քայլեր ձեռնարկել՝ զինվորականների հալածանքներին և Բիրմայում առկա իրավիճակին հակազդելու համար»,- նշել է Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ-ի դեսպան Սեմ Բրաունբեկը: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ընդգծել է, որ կրոնական ազատություններն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար: Նա հայտարարել է, որ այս ամառ նախատեսում է այս հարցերով անցկացնել համաժողով իր գործընկերների հետ: «Ակնկալում ենք, որ նախարարների այս հավաքը նոր լիցք կհաղորդի: Սա միայն քննարկման համար չէ, այլ նաև հետագա գործողությունների: Մենք փորձում ենք գտնել հստակ ուղիներ ՝ հալածանքներին հակազդելու և ընդհանուր կրոնական ազատություններն ապահովելու համար»,- ասում է պետքարտուղարը: Վաշինգտոնն անդրադառնում է նաև Հյուսիսային Կորեային, ուր հազարավոր մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ կրոնական հարցերի պատճառով: «Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեայում երկար տարիներ գործում է Գուլագ-ի նման սարսափելի մի համակարգ»,- ասել է Սեմ Բրաունը: ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կրոնական փոքրամասնությունների իրավունքների ապահովման հարցում քննադատության է ենթարկել նաև Ռուսաստանի ու Իրանի քաղաքականությունը: Դրա հետ մեկտեղ զեկույցն առաջընթաց է գրանցում Վիետնամում: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ կրոնական ազատությունների պահպանումը չափազանց կարևոր է ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական զարգացման ապահովման համար: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի կրոնական ազատությունների հետ կապված հարցերին: Այն ընդգծում է Հայ Առաքելական եկեղեցու գերիշխող դերը որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնությունը պահպանող: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ փոքրամասնություն կազմիող քրիստոնեական խմբերը օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշում են, որ ստիպված են թաքցնել իրենց կրոնական կողմնորոշումը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և կրոնական խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում խտրական մոտեցման վերաբերյալ: Զեկույցն արձանագրում է, որ 2017 թվականին, ի տարբերություն այլ տարիների, Եհովայի վկաներ կրոնական խմբի դեմ չեն գրանցվել բռնության դեպքեր: Բացի այդ, առաջընթաց է գրանցվել, ըստ զեկույցի, մամուլի կողմից կրոնական այլ խմբերի գործունեության լուսաբանման հարցում:

Նմանատիպ նյութեր