211652_close_icon
views-count3939 դիտում article-date 22:57 30-05-2018

Իտալիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է. Արա Բաբլոյանը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Շնորհավորելով դեսպանին` Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը: Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա: Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է. «Մեզ համար կարեւոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Արա Բաբլոյանը նշել է, որ ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւորել է փոխըմբռնման մթնոլորտը: Անդրադառնալով իտալահայ համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ հայերը նպաստում են Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանը եւ մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը:

Նմանատիպ նյութեր