211652_close_icon
views-count10080 դիտում article-date 13:52 30-05-2018

Հայաստանը կլինի հետաքրքիր երկիր ինչպես դրսում գտնվող հայերի, այնպես էլ ներդրողների համար. ՀՀ վարչապետ

Հայաստանում ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի իշխանությունում, ով՝ ոչ: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրա համար արվելու է ամեն ինչ: «Օլիգարխիայի խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում: Մենք պետք է երաշխավորենք ժողովրդի ազատ կամարտահայտումը: Եվ մենք պետք է նաև երաշխավորենք, որ կառավարության կողմից ընդունված բոլոր որոշումները համապատասխանեն ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ անձի, խմբի շահերին: Եթե մենք կարողանանք այդպիսի իրականություն ապահովել, ապա խնդիրը ինքնըստինքյան կլուծվի: Մենք մտադիր չենք պայքարել ինչ-որ բանի դեմ, մենք պատրաստվում ենք պայքարել հանուն ինչ-որ բանի: Մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի իշխանության ապահովումը, դա անպայման կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Նիկոլ Փաշինյանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը կոչ արել քաղաքացիներին դադարեցնել անհնազանդության ակցիաները: ՀՀ վարչապետը նշել է, որ անհնազանդության ակցիաներն իմաստ ունեն այն ժամանակ, երբ երկրում չկա իշխանություն, որը գործում է ժողովրդի շահերից ելնելով: «Հիմա Հայաստանում կա իշխանություն, որը ունի ժողովրդի աջակցությունը: Ես կարծում եմ, երբ ժողովուրդն ունի այնպիսի իշխանություն, որը ռեալ կարող է գործել իր անունից, ապա բոլոր հարցերը կարող են կարգավորվել այդ իշխանությունների կողմից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր կոռումպացված չինովնիկները պետք է հեռանան: Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում երկար ժամանակ չեն եղել ընտրություններ, որ բնակչությունը զգա իրեն հաղթող: «Մեզ համար շատ կարևոր է կազմակերպել այնպիսի ընտրություններ, որ ժողովուրդը զգա, որ ինքը հաղթել է: Մենք վստահ ենք, որ մեր խնդիրները սկսվել են այն ժամանակվանից, երբ ընտրությունների արդյունքները սկսեցին կեղծվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հայրենադարձության մասին հնչած հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ արդեն առաջին քայլն արված է: Ըստ նրա՝ այս հեղափոխությունը շատ մեծ խթան է մեր հայրենակիցների համար, որովհետև շատերը գնացել են Հայաստանից ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև այն պատճառով, որ շատերի համար ընդունելի չէր այն մթնոլորտը, իրավիճակը, որ կար Հայաստանում: Վարչապետը նկատեց, որ այժմ իրավիճակ է փոխվել: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կլինի հետաքրքիր երկիր ինչպես դրսում գտնվող հայերի, այնպես էլ ներդրողների համար: Լրագրողը հետաքրքվել է, թե ինչպես է ՀՀ վարչապետը հասնում աշխատանքի, արդյո՞ք օգտվում է հասարակական տրանսպորտից: «Աշխատանքի հասնում եմ և տուն եմ գնում ծառայողական մեքենայով, սակայն շատ հաճախ եմ լինում դրսում, փողոցներում, զբոսնում եմ շփվում քաղաքացիների հետ: Ես չեմ բացառում, որ ինձ կարող են նաև տեսնել հասարակական տրանսպորտում: Ես կարծում եմ, որ լինելով վարչապետ, պետք է տեղեկացված լինեմ, թե ինչ է կատարվում երկրում, ինչպես է աշխատում հասարակական տրանսպորտը, ինչ մթնոլորտ է: Բոլոր հնարավորությունները կօգտագործեմ, որ լինեմ ժողովրդի հետ շփման մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր