211652_close_icon
views-count3544 դիտում article-date 15:35 25-05-2018

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ գնահատման զեկույցի քննարկման նպատակով

Մայիսի 24-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, շեշտեց, որ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ, և Հայաստանը հանձնառու է իր կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների իրականացմանը։ Այս համատեքստում նշվեց, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության և ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համագործակցություն է ծավալում Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ: Փոխնախարար Հովակիմյանն անդրադարձավ ԱԳԳԾ շրջանակներում ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը: Նա ընդգծեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությանը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեցին Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական մասնակցության համար, միևնույն ժամանակ գոհունակություն հայտնելով և կարևորելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների խաղաղ հանգուցալուծումը: Բանախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ և բանակցված կարգավորման կարևորությունը, որի հիմքում ընկած են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարար Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների հարցերին: Նիստից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Տիկին Գոտեմոլլերը բարձր գնահատեց Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն ԱԳԳԾ շրջանակներում և շնորհակալություն հայտնեց Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր