211652_close_icon
views-count5385 դիտում article-date 14:41 23-05-2018

Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծել է որակյալ նախագծեր և ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպեց ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը՝ կարևորեց այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: Կատարվող աշխատանքները պետք է ընթանան առավել կազմակերպված, իսկ դրանց կառավարումը՝ առավել արդյունավետ ու թափանցիկ։ Առանձնակի կարևորվեց կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի համարեց այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը: Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրին մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Որոշ հարցերի շուրջ բազմակողմանի քննարկում տեղի ունեցավ։ Աշխատանքների ընթացքն ավելի հստակ կազմակերպելու և վերահսկելու նպատակով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջարակություն ներկայացնել ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու, մասնավորապես՝ ճանապարհաշինարարական մրցույթների անցկացմանը զուգահեռ շինարարական կազմակերպությունների նախաորակավորման մրցույթների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներին, հիմնանորոգման առաջնահերթություններին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր