211652_close_icon
views-count10441 դիտում article-date 11:52 22-05-2018

Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացնում են բոլորիս. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Շառլ Ազնավուրին

Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Այս մասին ասված է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած շնորհավորական ուղերձում: «Սիրելի՛ Շառլ Ազնավուր, Մեր ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունն առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն և հավատ: Սիրելի՛ Շառլ Ազնավուր, Հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը: Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ եմ մաղթում: Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս»,- մասնավորապես ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Նմանատիպ նյութեր