211652_close_icon
views-count15380 դիտում article-date 09:22 22-05-2018

Ովքե՞ր են խաղաղ ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ նետել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում և 6 ոստիկաններ: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կատարվածի առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են. «2018թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետևանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ` վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում»: Միայն թե, նկատենք` այս գործով դեռևս որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել: Այնինչ, հիշեցնենք, այդ օրերին համացանցը ողողված էր ձայնային նռնակները կիրառելու տեսանյութերով ու լուսանկարներով, ու որքան էլ հատուկ միջոցներ կիրառած այդ ոստիկանները դիմակավորված էին, միևնույն է, իրավապահների համար ամենևին էլ դժվար չէ նույնականացնելը և հանցանք կատարած անձանց բացահայտելը: Ու, վերջապես, դժվար չէ պարզել ոստիկաններին ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված անձի ինքնությունը, խոսքը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի մասին է, որը թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնանկ եղավ: Հետաքրքիր է՝ նոր իշխանությունը մինչև վերջ կգնա և կպատժի՞ մեղավորներին, թե՞ ամեն ինչ կավարտվի` քրեական գործ հարուցելով ու հետո այն կարճելով, ինչպես եղել է նախկինում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր