211652_close_icon
views-count7326 դիտում article-date 21:28 21-05-2018

Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին

Մայիսի 21-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առաջիկայում ավելի կզարգանան ու կընդլայնվեն: Մխիթար Հայրապետյանը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, նշեց, որ սփյուռքի հետ աշխատում են նաև կրթության, մշակույթի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի և այլ նախարարություններ: Նախարարը մասնավորապես նշեց. «Երկրում դրական մթնոլորտ է ստեղծվել, ժողովուրդը սպասում է փոփոխությունների: Մարդիկ հավատացել են, վստահել են մեզ, պետք է արդարացնենք այդ վստահությունը: Սփյուռքը շատ բազմազան է, բազմաշերտ, պետք է աշխատել բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Պետք է ակտիվ գործակցենք հատկապես երիտասարդների հետ, կոնկրետ քայլեր անենք»: Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ ուրախ են ընդլայնել համագործակցության շրջանակները նոր Հայաստանում: «Ողջունում ենք արևոտ, ժպտացող հեղափոխությունը, որի շնորհիվ աշխարհը ավելի լավ ճանաչեց հայերին: Այսօր ոգևորված է նաև հայկական սփյուռքը, հատկապես, երիտասարդ սերունդը: Նրանք ավելի զարգացած են, առաջադեմ, լավատես և ճկուն, տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին: Շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել Հայրենիքում», - հավելեց դեսպանը: Քննարկվեցին կրթության, նորագույն տեխնոլոգիաների, տնտեսության բնագավառներում համագործակցության, Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր