211652_close_icon
views-count41534 դիտում article-date 16:52 21-05-2018

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան օրենսդրական փոփոխությունների արդյունքում. ԿԲ նախագահ

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս պահին կառավարության հետ համատեղ գործընթացներ են իրականացնում: «Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Վարչապետն արդեն հանձնարարականներ տվել է համապատասխան մարմիններին, շատ արագ կտեսնեք արձագանքը: Կլինեն օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,-նշեց Ջավադյանը: Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմների միջոցով գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին` ընդգծելով, որ խոսքը սուբսիդավորման մասին է: «Վարչապետը նաև ասաց, որ հնարավոր է ստեղծել նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքել և դրա հաշվին գյուղացիների վրա եղած բեռը թեթևացնել»,- մանրամասնեց Ջավադյանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու հարցին` ընդգծելով, որ հարցը քննարկել է ԿԲ նախագահի հետ և հանձնարարել է դրանք վերացնելու մեխանիզմներ առաջարկել:

Նմանատիպ նյութեր