211652_close_icon
views-count2446 դիտում article-date 14:51 19-05-2018

Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 19-ին այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետևելու նպատակով: Հրթիռների փորձարարական կրակոցները հաջողվեցին, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից (ствол) կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվեցին աննշան տարբերություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 և Կոտայքի մարզի 1 համայնք: Պիլոտային ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվել են հետևյալ աշխատանքները` Արդիականացվել է Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը, Իրականացվել է անձնակազմի ուսուցում, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի հակակարկտային կենտրոններում վերակառուցվել են հրթիռների պահպանման պահեստները, Մշակվել և ընդունվել է հրթիռային կրակոցների իրականացման կարգը` արտակարգ իրավիճակների նախարարի, պաշտպանության նախարարի և քաղավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանի ձևով, Ձեռք է բերվել և Արմավիրի ու Արագածոտնի մարզերում տեղադրվել հրթիռային արձակիչ 3 կայան, Գնվել ու Հայաստան է տեղափոխվել «ԱՍ» տեսակի 120 հակակարկտային հրթիռ: Փորձարարական կրակոցներ իրականացնելու նպատակով հրթիռներ արտադրող գործարանի կողմից անվճար տրամադրվել է լրացուցիչ 6 հրթիռ: Իրականացվել է հրթիռային կայանների ու հրթիռների 2 փորձարկում՝ ՀՀ ԱԻՆ և ՊՆ մասնագետների մասնակցությամբ: Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից և արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ: Մայիսի 22-25-ը Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու, հրթիռային կայանների և հրթիռների փորձարկում իրականացնելու, ի հայտ եկած մասնագիտական հարցերին պատասխանելու և հետագա զարգացման ծրագրերը քննարկելու համար:

Նմանատիպ նյութեր