211652_close_icon
views-count6361 դիտում article-date 22:40 18-05-2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան

Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, որտեղ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախ շնորհավորեց այս տարի նշվող համալսարանի 100-ամյա հոբելյանը, այնուհետև զրուցակիցներն անդրադարձան Երևանի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի միջև համագործակցության ներկա մակարդակին և այն առավել զարգացնելու հեռանկարներին։ Ռեկտորը դեսպանին ներկայացրեց համալսարանի նախագծերն ու արդեն իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում վերջինս անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին և նշեց, որ այս տարի սպասվելիք ամառային դպրոցի շրջանակներում իրենք կհյուրընկալեն նաև Հայաստանից ժամանած ուսանողների։ Դեսպան Սադոյանը կարևորեց Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված բարձրագույն կրթության «1+4» ծրագիրը, որը Վրաստանում ապրող բազմաթիվ հայերի հնարավորություն է ընձեռում ավելի խորությամբ ուսումնասիրելու վրացերեն լեզուն, ինչն իր հերթին նպաստում է նրանց ինտեգրմանը կրթական գործընթացներում և առհասարակ հասարակական կյանքում։ Թբիլիսիի պետական համալսարան կատարած այցի շրջանակներում դեսպան Սադոյանն այցելեց նաև Արևելագիտության ինստիտուտի հայագիտության բաժին, հանդիպեց դասախոսական անձնակազմին և ուսանողներին, ծանոթացավ բաժնի խնդիրներին։ Հանդիպմանը դեսպան Սադոյանն առանձնահատուկ նշեց, որ պետք է լրացուցիչ խթանող ծրագրեր և միջոցներ մշակել, որպեսզի հայագիտական բաժին դիմող և հայագիտությամբ զբաղվող ուսանողների թիվն աճի։ Այցի ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայագիտության բաժնին նվիրեց մոտ 200 կտոր հայագիտական գրականություն։

Նմանատիպ նյութեր