211652_close_icon
views-count3354 դիտում article-date 13:36 18-05-2018

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ԴԱՀԿ -ում հայտնաբերված բոլոր խախտումները ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասն ուսումնասիրում է

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկա­դիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղություն: Արդյունքների վերաբերյալ հաշվետվու­թյունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախա­զություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրա­վական, գույքային և կազմակերպաիրավական բնույթի խախտումներ: Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեու­թյան եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու և պետա­կան ծառայություն իրականացնող պատասխա­նատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփու­թություն կատարելու դեպքերի առթիվ: Հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով: Ի պատասխան դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը և նյութերը կուսումնասիրվեն և դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին ևս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնա­վորա­պես՝ պետական շահերի խախտման պատճառները և նպաստող պայ­ման­ները վերացնելուն ուղղված միջնորդագրեր կներկայացվեն ՀՀ ոստիկա­նու­թյան «Ճանապարհային ոստիկանության» և ՀՀ արդարադատության նախարա­րու­թյան դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ ևս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի:

Նմանատիպ նյութեր