211652_close_icon
views-count6104 դիտում article-date 08:31 18-05-2018

ԱՄՆ-ին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները. սենատոր Քրիս Քունս. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է սենատոր Քրիս Քունսը, ԱՄՆ-ի Սենատում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում։ «Միացյալ Նահանգների հետ երկարատև համագործակցությունը ենթադրում է նաև օրենքի գերակայություն: Սարսափելի է, որ մենք նման հարցեր պետք է ընդհանրապես ունենանք ՆԱՏՕ-ի երկարատև դաշնակից Թուրքիայի հետ»: Սենատորի խոսքով, վերջին տարիների ընթացքում և հատկապես ձախողված հեղաշրջումից հետո, Թուրքիան Էրդողանի առաջնորդությամբ առավել հեռանում է ժողովրդավարության արժեքներից: Երկրում շարունակվող հետապնդումների մասին էր Սենատում պատմում Amnesty International կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավական տնօրեն Դենիել Բալսոնը. «Թուրքիայի իշխանությունները «կարուսելի մեթոդ» են կիրառում՝ մարդուն ձերբակալում են, այնուհետև հարցաքննում, ազատում, հետո կրկին ձերբակալում: Դրանով իշխանությունները երկրում ստեղծում են վախի, խուճապի և տարակուսանքի մթնոլորտ»: Իրավապաշտպանի խոսքով, Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշումները ազատ լրատվամիջոցների նկատմամբ, լավ գիտակցելով նրանց կողմից հնչող քննադատության վտանգը: «Ճնշումների են ենթարկվում նաև կրոնական և ազգային փոքրամասնությունները, որոնց թվում են նաև թուրքիայում բնակվող հայերը»,- հիշեցնում է Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը: 1923 թվականի Լոզանի պայմանագրի համաձայն, այսօրվա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոն են ճանաչում միայն Հայ Առաքելական Եկեղեցին, Հույն Ուղղափառ Եկեղեցին եւ Հուդաիզմը: «Մի կողմից նրանց պաշտոնական կարգավիճակը թույլ է տալիս նրանց գործել Թուրքիայում, սակայն, մյուս կողմից Թուրքիայի իշխանություններն անընդհատ փորձում են միջամտել նրանց առաջնորդների ընտրություններին, ինչպես հենց հիմա տեղի է ունենում հայերի եւ հույների հետ»: Շենքանի խոսքով, Թուրքիայում իշխանությունները երկրում առկա խորքային և լրջագույն ներքին խնդիրների պատճառները փորձում են գտնել երկրի սահմաններից դուրս. «Արդյունքում Թուրքիան փորձության է ենթարկում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ իր դաշինքի սահմանները»: Անկարայի նման պահվածքն անընդունելի է համարել նաև սենատոր Թոմ Թիլլիսը, ով խոսեց ԱՄՆ-ի քաղաքացի, հոգևորական Էնդրյու Բրանսոնի անհիմն ձերբակալության մասին: Սենատորի խոսքով, արդյունքում, Թուրքիան իր իսկ գործողություններով հասցրել է իրավիճակը նրան, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները այլևս պատրաստ չեն, անտեսելով առկա խնդիրները, ավանդական դաշնային հարցեր քննարկել թուրքական կողմի հետ: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4398771.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր