211652_close_icon
views-count3168 դիտում article-date 16:11 17-05-2018

Քննարկվել են տնտեսության և էներգետիկայի ոլորտների խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում մայիսի 15-ին տեղի ունեցավ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների ներկայացման, քննարկման և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփմանը նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին տնտեսության և էներգետիկայի ոլորտներում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության (ՔՀԿ) 28 ներկայացուցիչներ ու փորձագետներ: Հանդիպմանը ներկա էր նաև տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով կարևորեց նման ծրագրերի առկայությունը և համագործակցությունը կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև։ Այս ծրագրի հենց սկզբից համագործակցություն եղել է նախարարության հետ և նախարարության համար լիովին ընդունելի է տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությունը: ՔՀԿ-ներն իրենց դերը պետք է տեսնեն տնտեսական զարգացման ծրագրերում մասնակցության, ինչպեսև դրանց մոնիթորինգի հարցերում. այս մասին նշեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: «Հաշվի առնելով, որ նոր կառավարություն ունենք, փոփոխվող հասարակություն, այս պարագայում նոր կառավարությունը պետք է նոր ծրագիր ներկայացնի Ազգային ժողովին, և այս քննարկումն էլ լավ առիթ է, որպեսզի քաղքահասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունենան մասնակցել կառավարության ծրագրի կազմմանը»,- ասաց Էմին Երիցյանը։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Լիլիթ Չիթչյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ էվոլյուցիա է ապրել հանրային կառավարումը՝ հիմքում ունենալով պետություն-քաղհասարակություն համագործակցությունը. «Շատ կարևոր է հասկանալ նաև, որ հանրային ղեկավարման դերակատար միայն ՏԻՄ-երը կամ պետական կառավարման մարմինները չեն, այլ նաև տարբեր ինտիտուտներ են՝ քաղաքական կուսակցություններ, խոշոր բիզնեսներ, լրատվամիջոցներ, ՀԿ-ներ, և այլն։ Եվ շատ կարևոր է, որ հանրային կառավարումն ընկալվի որպես հանրային իրավունքի իրականացում և բոլոր մասնակցող կողմերը հասկանան, թե որտեղ է շահերի բախումը և ինչպես կարելի է երկխոսել»,- նշեց Լիլիթ Չիթչյանը։ Միջոցառմանը քննարկվել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշված հետևյալ հարցերը՝ • Գյուղական կանաչ տնտեսության և մաքուր էներգիայի նախաձեռնությունների բարելավման և մշտադիտարկման, դպրոցներում այս խնդիրների ջատագովության անհրաժեշտությունը, • Հանրային աշխատանքների գործընթացում (օրինակ՝ պետական գնումներ) էներգարդյունավետություն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման և (կամ) բարելավման ու ջատագովության անհրաժեշտությունը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր