211652_close_icon
views-count6125 դիտում article-date 15:44 17-05-2018

Արցախի Հանրապետության պատվիրակությունը Լիբանանում հանդիպումներ է ունեցել մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ, «Արցախ Ռութս Ինվեսթմենթս» (ԱՌԻ) ընկերության հրավերով Լիբանանի Հանրապետությունում է: Այցի առաջին օրը պատվիրակության անդամները այցելել են Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատում և հանդիպում ունեցել դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Մերձավոր արևելքի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի գրասենյակի գործավար Պետո Դեմիրճյանը: Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց Լիբանանում Հայաստանի դեսպանատան գործունեությունը: Քննարկվեցին լիբանանահայության և Արցախի միջև համագործակցության ծրագրերը: Դեսպան Մկրտչյանը հայտնեց, որ միջացառումներ են ձեռնարկվելու առևտրական և տնտեսական երկկողմանի ծրագրերի զարգացման շուրջ: Հետո պատվիրակությունը այցելեց Շաղզոյան կենտրոն և Վանա ձայն ռադիոյում հարցազրույց տվեցին Արցախի տնտեսության, Մարտակերտ և Կովսական քաղաքների իրավիճակների և զարգացման հեռանկարների մասին: Այնուհետև Արցախի պատվիրակությունը այցելեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեյի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունուն: Պատվիրակությունը շնորհավորեց պատգամավոր Բագրատունուն վերընտրության կապակցությամբ, և փոխանցեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքները: Այցելության ընթացքում քննարկվեց ՀՅԴ Լիբանանի կազմակերպության կողմից Արցախի պետության ամրապնդման և տնտեսության զարգացման համար գործի դրած ճիգերը և ապագայի հեռանկարները: Կեսօրին պատվիրակությունն այցելեց ԼՕԽ-ի (Լիբանանահայ օգնության խաչ) «Արաքսի Պուլղուրճյան» ընկերաբժշկական կենտրոն և մոտիկից ծանոթացավ կենտրոնի զանազան բաժանմունքների աշխատանքներին: Այցելության ավարտին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՕԽ-ի շրջանային վարչության հետ և ծանոթացավ կենտրոնի արցախանպաստ գործունեությանը: Պատվիրակության անդամները փոխանակվեցին հուշանվերներով, իսկ նախարար Լևոն Գրիգորյանը իր տպավորությունները արձանագրեց ԼՕԽ-ի Ոսկե մատյանում: Կեսօրից հետո պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԱՌԻ ընկերության հետ, որից հետո օրը եզրափակվեց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին այցելությամբ: Նախարարը Կաթողիկոսին ներկայացնելով այցի նպատակները Արցախի ժողովրդի և իշխանությունների անունից շնորհակալություն հայտնեց Արցախին հետևողական աջակցելու և պարբերաբար ցուցաբերվող աջակցության համար: Այսօր պատվիրակությունը կշարունակի լիբանանահայ ազգային կառույցների այցելությունների շարքը, և կեսօրին Մարտակերտի քաղաքապետը Պուրճ Համուդի քաղաքապետի հետ կստորագրեն զույգ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու հուշագիրը: Իսկ վաղը Կովսականի քաղաքապետը նման հուշագիր կստորագրի Այնճարի քաղաքապետի հետ՝ Այնճարն ու Կովսականը հռչակելով քույր քաղաքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր