211652_close_icon
views-count8866 դիտում article-date 10:36 16-05-2018

Արտահերթ ընտրությունների հետաձգումը կարող է նաև օգտակար լինել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակներից մեկն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը: Սկզբնական մտահղացումն էր, որքան հասկանում եմ, ժողովրդի վստահությունը վայելող վարչապետին ընտրելուց հետո կառավարության կողմից խորհրդարան ներկայացնել այնպիսի մի ծրագիր, որը քաղաքական փոխհամաձայնության միջոցով տապալվի, և այդպիսով օրինական հիմքեր ստեղծվեն խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Մինչ այդ պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը: Այսօր կառավարության ծրագիրը «պայմանավորված ձևով» տապալելու մասին խոսք կարծես թե չկա: Դա, կարծես թե, ձեռնտու չէ նոր իշխանությանը, որը նոր-նոր է տիրապետում պետական լծակներին: Դա առավել ևս ձեռնտու չէ խորհրդարանական հանրապետական մեծամասնությանը, որը, համենայնդեպս, մոտակա ամիսներին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում Ազգային ժողովի մանդատ ձեռք բերելու շանսեր չունի: Ուժերի նման դասավորության պայմաններում եթե արտահերթ ընտրություններն անգամ կայանան, դա տեղի կունենա, հավանաբար, մեկ տարվա ընթացքում: Հեղափոխությունում հաղթած ուժերի համար դա, ի վերջո, այնքան էլ հարմար չէ՝ հեղափոխական էյֆորիան անցնելու է, խնդիրները, որոնք թվում է, թե մի քանի օրում հնարավոր է լուծել, մնալու են, և ընտրողները, որոնք այսօր «ընտրելու են սրտով», վաղն «ընտրելու են գլխով»: Էլ չասած՝ առայժմ վստահություն չկա, որ ընտրակաշառքի մեխանիզմները չեն գործելու. «դուշման ՀՀԿ-ին» դա, իհարկե, կարգելվի, բայց «բարեկամ ԲՀԿ-ին», հնարավոր է, թույլատրվի: Սակայն մեծ հաշվով արտահերթ ընտրությունների հետաձգումը կարող է նաև օգտակար լինել, քանի որ այդ ընթացքում գուցե հնարավոր կլինի անցկացնել սահմանադրական փոփոխություններ և բարելավել ոչ միայն վերոհիշյալ օրենքները, այլև նախագահ-վարչապետ-ԱԺ հարաբերությունները՝ դարձնելով կառավարման համակարգը ոչ թե վարչապետական, այլ իսկապես խորհրդարանական: Բացի այդ, մեկ տարվա ընթացքում գուցե ի հայտ գա նոր ընդդիմություն: Առայժմ, որպես ընդդիմություն, ասպարեզում միայն ՀՀԿ-ն է, որի հեղինակությունը, սակայն, չափազանց ցածր է, և ցանկացած, թեկուզ արդար քննադատություն հանդիպելու է «բա որ դուք երկիրը թալանում էիք» փաստարկին: Բայց քանի որ այսօրվա իշխանությունը լեգիտիմության մեծ պաշար ունի, այն, հուսով եմ, կնպաստի ազատ խոսքին, քաղաքական ազատ գործունեությանը, ինչն անխուսափելիորեն կբերի ուժեղ ընդդիմության ձևավորմանը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր