211652_close_icon
views-count8838 դիտում article-date 13:58 13-05-2018

Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

Մայիսի 15-21-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը: Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում /Մոլդովա/, երկրորդը` 2015 թվականին Մինսկում /Բելառուս/: Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների /բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ/ միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ համագործակցության համար: Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջին մաս` մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատո­րիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները: Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվես­տանոցի և դրամա­տուրգ­ների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր, Վ. Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն թատե­րական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան: Երկրորդ մասը՝ ֆորումի երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական ​​խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Ֆորումի ընթացքում կաշխատեն փորձագետներ, ովքեր կորոշեն լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառա­տոնին: Փորձագետների կազմում են` ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, թատե­րական քննադատ Ելենա Դյակովան /Ռուսաստան/, կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը /Ուզբեկստան/, թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը /Ռուսաստան/, թատերագետ Սոնա Մելոյանը /Հայաստան/: Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը /Ռուսաստան/: Երևանյան ֆորումի մասնակից երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Բելառուսը, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Ուկրաինան:

Նմանատիպ նյութեր