211652_close_icon
views-count65414 դիտում article-date 14:20 11-05-2018

Հունան Պողոսյանը հրաժարական է տվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին: Հ. Պողոսյանի հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք: Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես` Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ: Եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների և մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի: Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ: Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է: Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին: Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է: Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով: Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ: Աստված մեզ պահապան»: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Վալերի Օսիպյանը 2009 - 2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

Նմանատիպ նյութեր