211652_close_icon
views-count3442 դիտում article-date 12:42 11-05-2018

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Արմավիրում կարկտահարության պատճառած վնասներով. տուժել են այգիներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից առաջին անգամ վարվող կառավարության նիստը բացեց Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքների վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ: «[url=https://armenpress.am/arm/news/933113.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ մասնագետներ են ուղարկվել իրավիճակին ծանոթանալու համար: «Օպերատիվ տվյալներով՝ վնասները մեծ ծավալի չեն, բայց կան այգիներ, որոնք վնասներ են կրել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ կատարվում է վնասի չափի գնահատում, լրացուցիչ տեղեկատվության դեպքում կհայտնեն: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե վնասի չափը գնահատելուց հետո պրակտիկայում ինչ գործողություններ են կատարում: Հարցին ի պատասխան՝ Իգնատի Առաքելյանն ասաց. «Նախորդ ժամանակաշրջանում հիմնականում կառավարությունը հնարավորություն է ունեցել զիջել ջրի վարձը, հողի հարկը, երբեմն սերմերի գումարը, որևէ պարտավորություն պետության նկատմամբ, ավելին չի տրամադրվել, որքանով գիտեմ»: «Մենք այդ թեմային կանդրադառնանք անպայման, բայց պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ ֆորմալ, այլ արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան՝ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից իրենք դուրս գան»,-ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու հնարավոր չի եղել հակակարկտային կայանների միջոցով կանխարգելել կարկուտը, և, ընդհանրապես, գյուղատնտեսական հողերի որքան հատվածն են դրանք ծածկում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ այդ վայրերը, որոնք կարկտահարվել են, դուրս են եղել հակակարկտային ներազդեցության դաշտից: «Մենք հիմա կարողանում ենք ծածկել (գյուղատնտեսական հողերի) 15 տոկոսը: Պիլոտային ծրագիր էր աշխատում, որի շրջանակում կան որոշ խնդիրներ, որոնք կլուծվեն Ռուսաստանից ժամանող մասնագետների օգնությամբ: Նոր համակարգ է ներդրվում»,-ասաց Տոնոյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում նախատեսվում է հակակարտային համակարգերով ապահովել 70 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցին կանդրադառնան նոր կառավարության ձևավորումից հետո:

Նմանատիպ նյութեր