211652_close_icon
views-count81541 դիտում article-date 21:43 09-05-2018

Կոտայքի մարզում. 27–ամյա վարորդը Hyundai-ով հայտնվել է անդունդում. նրան, ում կյանքի համար պայքարում են բժիշկները, մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 27-ամյա Սարգիս Սարգսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, իր վարած Hyundai մակնիշի 01 MՏ 070 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել անդունդում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայի մոտից մեծ դժվարությամբ՝ ճոպաններով ու պատգարակով, դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ում հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի և Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրից հիվանդանոց են մեկնել Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանը և Աբովյանի քննչական բաժնի պետ Արմեն Խաչատրյանը: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, քանի որ ճանապարհը ոլորանապտույտ է, իսկ հետաքրքրասեր քաղաքացիների պակաս չկա, ովքեր կայանում են ավտոմեքենաները և խոչընդոտ առաջացնում մյուս վարորդների համար: Բարեբախտաբար, ճանապարհային ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում այլ վթարներ տեղի չունեցան, մինչդեռ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հետաքրքրասեր քաղաքացիների պատճառով վթարի վայրում նոր վթարներ են տեղի ունեցել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր