211652_close_icon
views-count3213 դիտում article-date 10:43 09-05-2018

Նոնսենս. կայուն մեծամասնությունը ընդդիմություն է, ԱԺ ղեկավար կազմն՝ ընդդիմադիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ է ստեղծվել: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով նախատեսված կարգով` խորհրդարանում այսօր կայուն մեծամասնություն ունի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Սակայն համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց ոչ թե խորհրդարանական կայուն մեծամասնության թեկնածուն, այլ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույն այդ մեծամասնության օժանդակությամբ: Եվ դրանից հետո խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն` հանձինս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի և կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի, երեկ հայտարարեց ընդդիմադիր դառնալու մասին: Սա, համաձայնեք, քաղաքագիտական նոնսենս է. չի կարող խորհրդարանական կայուն մեծամասնություն ունեցող ուժը լինել ընդդիմություն: Ավելին` այդ կուսակցությունը, միևնույն է, ԱԺ-ում շարունակում է պահպանել ղեկավար պաշտոնները. ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական երկու փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, հրաժարական չեն ներկայացրել ու չեն էլ ներկայացնի, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները: Ու ըստ էության Հայաստանում ստացվում է հակասական վիճակ. իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ն խորհրդարանում, այնուամենայնիվ, լինելու է իշխանության կազմում` ղեկավարելով օրենսդիր իշխանությունը: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, որը նույն այդ խորհրդարանում այս պահին չունի մեծամասնություն, հետևաբար չունի կայուն հենարան, հետևաբար նա կաշկանդված է լինելու իր ծրագրերն իրականացնելիս օրենսդրական փոփոխությունների միջոցով իրավական անհրաժեշտ հիմքեր ստեղծելու առումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր