211652_close_icon
views-count8987 դիտում article-date 17:59 08-05-2018

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են ցուցմունք տալուն հարկադրելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այսպես, Անդրանիկ Զեքյանը, նախազուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում գտնվելու ժամանակ նույն բաժնի օպերլիազոր Նարեկ Ավետիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Համլետ Վասիլյանը և բաժնի պետի տեղակալ Մնացական Խաչատրյանն իրեն հարկադրել են Արմավիր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առնչությամբ ցուցմունք տալ, թե, իբր, տեսել է, որ իր ծանոթ Նարեկ Հարությունյանը դանակով հարվածել է համաքաղաքացուն: Միաժամանակ սպառնացել են, որ նման ցուցմունք չտալու դեպքում հիշյալ հանցագործության կատարման համար ինքն է դատապարտվելու: Ուստի, վախենալով ոստիկանների սպառնալիքից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է տվել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյաները հանիրավի են մեղադրվել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու` ցուցմունք տալուն հարկադրելու մեջ: Հիմնավորվել է, որ Անդրանիկ Զեքյանը սուտ մատնություն է կատարել իր ծանոթ Նարեկ Հարությունյանին պաշտպանության տակ առնելու, վերջինիս քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակադրվածությամբ և այդպիսով ոստիկաններին մեղադրել է չկատարած հանցագործության մեջ: Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյաների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Զեքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Սուտ մատնության հատկանիշներով քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է իր տված նախնական ցուցմունքից և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Ա. Առուշանյանին: Մասնավորապես, Դ. Եփրեմյանը հայտնել է, որ ավազակային հարձակման մեջ մեղադրվող անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ իրեն ճանաչման ներկայացված` ենթադրյալ հանցանք կատարած անձին ճանաչել և հետագայում իր ցուցմունքը պնդել է Ա. Առուշանյանի ուղղորդմամբ, քանի որ ինքը իրականում չի ճանաչել նշված անձին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` առերես հարցաքննությունների և հարցաքննված անձանց ցուցմունքների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյան հանիրավի է մեղադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ընդ որում, Դ. Եփրեմյանը նույնպես խոստովանել է, որ Հատուկ քննչական ծառայությանը գիտակցաբար սուտ տեղեկություններ է հաղորդել Ա. Առուշանյանի կողմից իրեն ուղղորդելու վերաբերյալ` փորձելով այդ կերպ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին զերծ պահել քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Դ. Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասով: Դ. Եփրեմյանի և Ա. Զեքյանի կողմից սուտ մատնություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր