211652_close_icon
views-count2969 դիտում article-date 10:49 08-05-2018

ՀՀԿ քաղաքական թևը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի նոր փաստարկներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եվ այսպես, այսօր մի քանի շաբաթ տևած ինտրիգը կարծես թե հանգուցալուծվելու է: Իհարկե, դա պետք է տեղի ունենար մայիսի 1-ին, բայց ՀՀԿ խմբակցությունը խելամիտ վարք չդրսևորեց, և խնդրի լուծումը հետաձգվեց մեկ շաբաթով: Սա այն է, ինչ շախմատում կոչվում է տեմպի կորուստ (ի դեպ, շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ), երբ այս կամ այն քայլը, որը, դու, միևնույն է, պետք է անեիր, կատարում ես ավելի ուշ, և իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ քեզ: Այդ քայլի հետաձգման որևէ տրամաբանական բացատրություն ես առայսօր չեմ լսել, հանրապետականներից ոմանք ինչ-որ գաղտնիքներ են ակնարկում, որոնք նրանք իբր չեն ցանկանում բարձրաձայնել: Կանխատեսում եմ, որ խորհրդարանի այսօրվա հատուկ նիստը ավելի կարճ է տևելու, քան մայիսի 1-ինը, որովհետև բոլոր հարցերն ու փաստարկները կարծես թե արդեն հնչել են: Բայց եթե դարձյալ ինչ-որ ելույթներ հնչեն, ապա հուսով եմ՝ հանրապետականներն այլևս չեն վախեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Նախ՝ այդ սպառնալիքներից ոչ ոք չի վախենում, երկրորդ` Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը բավականին զուսպ է (հակառակ տեսակետն են հայտնում բավականին մարգինալ համարում ունեցող հրապարակախոսները), և երրորդ` ամենակարևորը` մեր քաղաքական խնդիրները լուծելու համար «տղա բերելը» վարկաբեկիչ է հենց հանրապետականների համար: Այնպես որ՝ ՀՀԿ խմբակցության քաղաքական թևը Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելու համար պետք է բերի այլ փաստարկներ, որոնք գտնելը, ի դեպ, այնքան էլ դժվար չէ: Ի՞նչ տեղի կունենա այսօրվա քվեարկությունից հետո: ՀՀԿ-ի համար կա երկու տարբերակ. վարչապետ ընտրելուց և նրա ծրագիրը հաստատելուց հետո մնալ մեծամասնություն և հանդես գալ որպես խորհրդարանական ընդդիմություն, կամ էլ խմբակցությունը կփոքրանա, նրանից որոշակի բեկորներ կանջատվեն և կմնա վերը հիշատակած քաղաքականացված մասը, որը կլինի փոքրամասնություն և չի կարողանա ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա: Իհարկե, նրանց համար ցանկալի է առաջին տարբերակը: Բայց փորձը ցույց է տալիս, որ փաստացի իշխանափոխությունից հետո նախկին իշխող կուսակցության անդամները որոշակի, մեղմ ասած, թուլություն են ցուցաբերում, որի դեպքում իրադարձությունները կզարգանան արդեն փորձարկված սցենարով: Դե իսկ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին լուրջ փորձություններ են սպասվում` կյանքի կոչել այն գաղափարները, որոնց համար իրականացվում էր այդ հեղափոխությունը: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ առանց կառավարության որոշման ոչ աշխատանքային օր հայտարարել, չէ՞ որ մենք պայքարում ենք օրինականության համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր