211652_close_icon
views-count10227 դիտում article-date 11:01 08-05-2018

26 տարի առաջ Շուշին ազատագրվեց

26 տարի առաջ՝ մայիսի 8-ին, Արցախի Պաշտպանության բանակը և կամավորական ջոկատներն ազատագրեցին Շուշին։ Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով, մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը, որը կրում էր «Հարսանիք՝ լեռներում» անվանումը, ղեկավարում էր Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Այն տևել է 26 ժամ։ Մայիսի 9-ին Շուշին վերջնականապես ազատագրվեց: Շուշիի ազատագրումը բեկումնային էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից ադրբեջանցիները հրետակոծում էին Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: 1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որոնցից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից: Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել է 370 բնակելի տուն ու շինություն: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

Նմանատիպ նյութեր