211652_close_icon
views-count11018 դիտում article-date 23:00 07-05-2018

Բրիտանիայում ընդունված նոր օրենքը հնարավոր է դարձնում ռուսական էլիտայի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել

Բրիտանական խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ պատժամիջոցներ կկիրառվեն մարդու իրավունքները խախտողների և կոռուպցիայի համար կասկածվողների դեմ, հաղորդում է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը: Եվ թեև նկատի են առնվում օրինախախտներն աշխարհի ցանկացած երկրից, կարելի է ենթադրել, որ առաջին հերթին խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Այդ միտքն առաջանում է արդեն իսկ անվանումից՝ «Մագնիտսկու փոփոխություն»,- հայտնում է [url=https://jam-news.net/?p=100589&lang=hy]JamNews-ը[/url]: Ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին մահացել է Մոսկվայի քննչական մեկուսարանում 2009թ-ին: Նա փորձ էր արել Ռուսաստանում մասշտաբային կոռուպցիոն սխեմա մերկացնել, ինչի մեջ ներառված էին ՆԳՆ շատ սպաներ, դատախազության, հարկային մարմինների աշխատակիցներ, դատավորներ, փաստաբաններ: Նրա անունն Արևմուտքում դարձել է կոռուպցիոյի դեմ պայքարի խորհրդանիշ: Այժմ բրիտանական իշխանությունները կարող են վիզա չտրամադրել կամ սառեցնել այն անձանց ակտիվները, որոնք, նրանց կարծիքով, խախտում են մարդու իրավունքները: «Մագնիտսկու ցուցակում» կարող են հայտնվել պաշտոնատար անձինք, գործարարներ և քաղաքական գործիչներ: Եվ այն լրջորեն կազդի ռուս գործարարների վրա, որոնք իրենց կապիտալը Մեծ Բրիտանիայում են պահում: Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվեց ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը: Բրիտանական իշխանությունները կարծում են, որ այդ թունավորման ետևում Ռուսաստանն է կանգնած: Նոր օրենքի առանձին կետը նվիրված է բրիտանական «անդրծովյան տարածքներին», որտեղ գործում է պարզեցված (կամ զրոյական) հարկային ռեժիմ, և օֆշորային գոտիներին, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի ենթակայության տակ: Արտգործնախարարությունն, ըստ նոր օրենքի, պետք է նպաստի, որպեսզի Բրիտանիայի այդ տարածքներն ավելի բարեհաճորեն բացեն այնտեղ գրանցված ընկերությունների ռեգիստրերը: ԱԳՆ-ն պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնի բրիտանական խորհրդարանին այդ ուղղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ: Բրիտանական խորհրդարանի ընդդիմությունը փորձում էր ավելիին հասնել. «անդրծովյան տարածքներում» գրանցված ընկերություններին պարտավորեցնել գաղտնազերծել նրանց շահառուների անունները մինչև 2020թ-ը: Սակայն խորհրդարանի մեծամասնությունը չկամեցավ կոռուպցիային դիմակայելու նման խիստ մեթոդների օգտին քվեարկել: Global Witness ոչ կառավարական կազմակերպության վերջերս կատարած հետազոտության համաձայն՝ այդ տարածքներում Ռուսաստանից դուրս բերված մոտ 47 մլրդ դոլար է պահվում: Պատժամիջոցների կիրառման մասին օրենք ընդունելու անհրաժեշտությունն առաջացել էր մոտ ապագայում Եվրամիությունից երկրի դուրս գալու կապակցությամբ: Մինչ այդ պահը բրիտանական պատժամիջոցները կիրառվում էին՝ ըստ ԵՄ ընդհանուր օրենքների և համաձայնագրերի: Այժմ արդեն Մեծ Բրիտանիայի իշխանությունները կկարողանան դրանք ինքնուրույն կարգավորել: Սպասվում է, որ Եվրամիությունը լքելուց հետո ռուսական ագրեսիվ գրոհներին դիմադրելու նպատակով Մեծ Բրիտանիայի կողմից կիրառվելիք միջոցներն ավելի խիստ կդառնան: Առաջին նմանատիպ «Մագնիտսկու օրենքները» հայտնվեցին ԱՄՆ, Կանադայի և մի քանի եվրոպական պետությունների օրենսդրություններում 2012թ-ին:

Նմանատիպ նյութեր