211652_close_icon
views-count6361 դիտում article-date 16:00 07-05-2018

ՀՀԿ-ի գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի անդամները քննարկում են մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր: Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը: Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին: Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ: Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ: Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նմանատիպ նյութեր