211652_close_icon
views-count94860 դիտում article-date 20:14 05-05-2018

HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակում կատարած ու 2 հոգու սպանած ոստիկանության գնդապետին մեղադրանք է առաջադրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակում գործելու և երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալված ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Դ. Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ուրիշի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Մասնավորապես, 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Դ. Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դ. Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար /79.200.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար, 39.690 եվրո, 242.240 ՌԴ ռուբլի, 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2.980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ/ և դիմել փախուստի: Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ և նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնում մահացել է: Ոստիկանության մյուս ծառայողները, հետապնդելով Դ. Դանիելյանին, վնասազերծել են նրան և բերման ենթարկել ոստիկանության բաժին: Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Դ. Դանիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com-ը[/url], մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։ Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/03/1095188/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։ Նրան փախուստի պահին բռնել են քաղաքացիները, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրան, ով մինչ ատամները զինված է եղել, ու եթե քաղաքացիները չվնասազերծեին ճիվաղին, ապա նա գողոնով կանհայտանար ու միայն արդեն, երբ հանցագործին քաղաքացիները բերանքսիվայր գցել էին գետնին, ժամանած ոստիկանության ծառայողները նրան տեղափոխեցին անհայտ ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։25-ի սահմաններում HSBC բանկի՝ Կոմիտասի պողոտա և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում են կատարել, և ճիվաղը եղել է դանակով, նռնակով, հրացանով, ով արդեն բանկում վիրավորել է աշխատակիցներից երկուսին, որոնցից մեկը մահացել է։ Զինված տականքին փախուստի պահին վնասազերծել են ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դիմադրություն ցույց տալու ժամանակ ոստիկանության ծառայողներից մեկը վիրավորում է ստացել։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Տ. Թամամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը կատարել է ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 320 հազար ԱՄՆ դոլար։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր