211652_close_icon
views-count8383 դիտում article-date 16:03 05-05-2018

Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Կուսակցության որոշման մասին հայտարարել է ԺԴԿ համանախագահ Փերվին Բուլդանը՝ նշելով. «Սելահաթթին Դեմիրթաշը միայն քրդերի թեկնածուն չէ, նա նաև այս երկրում բնակվող հայերի, ասորիների, ալևիների թեկնածուն է»: Իր թեկնածության մասին պաշտոնական հայտարարության հնչեցումից հետո ընթերցվել է 2016 թվականի նոյեմբերից Էդիրնեի բանտում գտնվող Դեմիրթաշի ուղերձը: Նա դիմել է իր բոլոր կողմնակիցներին՝ ասելով, որ անելու է հնարավոր ամեն բան ընտրություններում հաղթելու համար: «Սակայն այստեղ ձեռքերս ու ոտքերս կապված են: Այժմ դուք եք իմ ձեռքը, իմ ձայնը»: Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել էր 2014 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 7 տոկոս ձայն: Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: Ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը հանդես են գալու միասին՝ «Հանրապետական դաշինք»-ի ներքո: Նրանց կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ ևս որոշում են կայացրել խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով՝ ի հակակշիռ «Հանրապետական դաշինք»-ի: Դաշինք կազմած ընդդիմադիր կուսակցություններն են քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ», «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները: Այդուհանդերձ, այս կուսակցությունները նախագահական ընտրություններին մասնակցում են իրենց թեկնածուներով: Մասնավորապես, քեմալական կուսակցության թեկնածուն Մուհարեմ Ինջեն է, «Լավ» կուսակցության թեկնածուն՝ այդ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները: Նախագահական ընտրություններին իրենց թեկնածուներին են գրանցել նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ Դողու Փերինչեք, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ Թեմել Քարամոլլղաօղլու և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցությունը՝ Վեջդեթ Օզ:

Նմանատիպ նյութեր