211652_close_icon
views-count3827 դիտում article-date 11:13 04-05-2018

Ինչո՞ւ են կանանց նկատմամբ առավել ագրեսիվ տրամադրված հենց կանայք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մայիսի 2-ին, երբ բոլոր ճանապարհները փակ էին, ես ոտքով Զովունիից եկա քաղաք, իսկ հետո քաղաքում էլ, գործերիս բերումով, մի 3 ժամ քայլեցի: Փաստում եմ՝ իսկապես սիրո և հանդուրժողականության մթնոլորտ էր. միակ բանը, որ իմ սրտով չէր, հնչող բարձրաձայն երաժշտության «ժանրային առանձնահատկություններն» էին: Մնացած բոլոր առումներով երիտասարդների վարքը միանգամայն ընդունելի էր՝ ժպտում էին, ուրախանում էին, պարում էին ու խաղում: Ոչ մի միջադեպ, ոչ մի անհարգալից վերաբերմունք միմյանց կամ պատահական անցորդների նկատմամբ ես չեմ նկատել: Այո, փակված փողոցները և հատկապես մետրոն, որից ես սովորաբար օգտվում եմ, անհարմարություններ էին ստեղծում: Բայց ես այդ անհարմարություններից չէի նեղվում, որովհետև ես ինքս էլ էի զայրացած հանրապետական պատգամավորների նախորդ օրվա պահվածքից. թե՛ նրանից, որ կարծես թե խոստացել էին չխոչընդոտել վարչապետի ընտրությանը, բայց խոչընդոտեցին, և թե հատկապես այդ պատգամավորների «աշխարհաքաղաքական» փաստարկներից: Այնպես որ, «չքաղաքականացված» մարդ լինելով՝ ես «փողոցի» հետ խնդիր չունեմ: Նույնը չեմ կարող ասել այն «ակտիվիստների» մասին, որոնք կենդանի մարդկանց անուններով մահազդի պաստառներ են կախում՝ դա, ինձ թվում է, զուտ գեղագիտական, մշակութային առումով առնվազն վատ ճաշակի դրսևորում է: Կան զայրույթն ու ցասումն արտահայտելու ավելի զուսպ ձևեր՝ այնպիսի ձևեր, որոնք չեն հարվածում մարդկանց, անհատների արժանապատվությանը: Մահվան ատրիբուտիկան, կարծում եմ, պետք է օգտագործել միայն իր ճիշտ նշանակությամբ, հակառակ դեպքում մենք, կարծես թե, անհարգալից վերաբերմունք ենք դրսևորում բոլոր, նաև հարազատ ննջեցյալների հանդեպ: Հասկանում եմ, իրենց լիդերը մայիսի 1-ի իր եզրափակիչ ելույթում խոսել է ՀՀԿ մահվան մասին (գուցեև իրավացիորեն), բայց պետք չէ ամեն ինչ այդքան բառացիորեն հասկանալ: Ես խնդիր ունեմ նաև վիրտուալ տարածքի հետ, որտեղ, համաձայնեք, ամենևին սիրո և հանդուրժողականության մթնոլորտ չէ, և իրականացվող գործընթացի նկատմամբ ցանկացած կասկած, ցանկացած մտահոգություն հանդիպում է տրանսլիտով, մեծատառերով ինչ-որ անգրագետ ու անհոդաբաշխ հայհոյանքների տարափի, որից բացականչական նշաններից բացի՝ ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Եվ վերջում մի հարց, որի պատասխանը, հավանաբար, գիտեն հոգեբանները. ինչո՞ւ են կանանց նկատմամբ առավել ագրեսիվ տրամադրված հենց կանայք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր