211652_close_icon
views-count4660 դիտում article-date 18:12 03-05-2018

«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում հակահրդեհային ուսումնավարժանք է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Մայիսի 3-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կան արգելափակված մարդիկ: Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես առևտրի կենտրոնի ազդարարման ինքնաշխատ համակարգը չուներ բարձրախոսով հրդեհի մասին իրազեկելու, ներսում գտնվող մարդկանց ուղղորդելու հնարավորություն և հնչում էր միայն ազդարարման շչակը, անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում հրդեհի դեպքում առաջին օգնության տրամադրման վարքականոններին: Բացակայում էին տարահանման ելքերի ցուցանակները, վթարային լուսավորությունը և ծխահեռացման համակարգը: Շենքի ներսում առկա են հրդեհաշիջման ծորակներ, սակայն հրդեհաշիջման համար նախատեսվող ջրի պաշարը բավարար չէ: Առևտրի կենտրոնը բավարար չափով ապահովված է կրակմարիչներով: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը համալիր հակահրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգումներ է իրականցնելու «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր