211652_close_icon
views-count4442 դիտում article-date 10:51 03-05-2018

Պայմանավորվածությունների կատարման երաշխավորը կլինի հանրապետության նախագահը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Թե ինչ եղավ, ինչու եղավ և ինչպես եղավ, թեև շատ հետաքրքիր է, բայց դրա մասին խոսելու բազմաթիվ առիթներ կլինեն: Հիմա ավելի կարևոր է մտածել, թե ինչպես պատվով դուրս գալ այս իրավիճակից և ամրապնդել մեր պետության միջազգային վարկի բարձրացման արդեն իսկ գոյություն ունեցող միտումը: Իսկ այդ առաջընթացի երկու կարևորագույն պայմաններն են՝ ա/ ցույց տալ աշխարհին, որ մեր քաղաքական ուժերը բավականաչափ հասուն են, որ կարող են իրար հետ պայմանավորվել և բ/ գործընթացը տանել անթերի լեգիտիմությամբ: (Ի դեպ, առաջին նախագահի նկատառումը, որն ուղղված է առաջին հայացքից երկրորդական խնդրին, նույնպես իր խորքում այդ խնդիրն է բարձրացնում): Ոչ մեր քաղաքացիների, ոչ էլ աշխարհի մոտ չպիտի տպավորություն ստեղծվի, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որ մենք ունենք ռևկոմներ, և կատարվել է իշխանության բռնազավթում: Խորհրդարանական մեծամասնության վարչապետը հրաժարական է տվել այն պատճառով, որ այդ մեծամասնությունը հասարակական աջակցություն չունի, և խնդիրը լուծելու համար խորհրդարանն ընտրում է փոքրամասնության վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, ու կազմում է փոքրամասնության կառավարություն՝ առաջիկայում կազմակերպելով արտահերթ ընտրությունները: Այդ պարագայում կառավարությունը կազմում է խորհրդարանական փոքրամասնության կոալիցիան՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելքը», ու կառավարության գործունեության ողջ պատասխանատվությունն ընկնում է այդ կոալիցիայի վրա: ՀՀԿ-ն, մնալով մեծամասնություն, ստանձնում է ընդդիմության դերը: Մայիսի 1-ի հատուկ նիստում մի շարք պատգամավորներ ասում էին, որ դա հնարավոր չէ, սակայն դա հնարավոր է, և դրա միջազգային փորձը կա: Ընտրական օրենսգրքի, նոր ընտրությունների ժամկետների և մի շարք այլ սկզբունքային հարցերում 4 խմբակցությունների միջև ձեռք է բերվում պայմանավորվածություն: Կարծում եմ, որ այս պարագայում կարևոր է նաև, որ ՀՀԿ-ից չլինի «առնետավազք», խմբակցությունը պահպանի իր միասնությունը, և բոլոր տեսակի «տղայական» խոսակցությունները «թասիբի», «դավաճանության» և այլնի մասին այլևս ավելորդ լինեն: Իհարկե, նման մեխանիզմով մի քանի ամիս կամ մեկ տարի աշխատելը բարդ կլինի՝ պետք են մշտական շփումներ, բանակցություններ, խորհրդակցություններ 4 խմբակցությունների միջև: Սակայն ներքաղաքական վիճակն էլ է բարդ, և պատգամավորները պետք է որ գիտակցեն իրենց առաքելությունը: Պայմանավորվածությունների կատարման երաշխավորը կլինի հանրապետության նախագահը: Այս ամենն, իհարկե, տեղի կունենա այն դեպքում, եթե ՀՀԿ խմբակցությունն այս անգամ անկեղծ է և իսկապես մայիսի 8-ին քվեարկելու է Փաշինյանի օգտին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր