211652_close_icon
views-count4953 դիտում article-date 09:44 01-05-2018

Հալեպում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ապրիլի 24-ին Հալեպում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջհամայնքային և միջմիութենական բնույթի միջոցառումների շարքը: Հայ ավետարանական Բեթել եկեղեցում տեղի ունեցավ պաշտամունքային միջոցառում` նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Գեղարվեստական հայտագրի ավարտից հետո եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ, կայացավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից ծաղկեպսակի զետեղման պաշտոնական արարողությունը: Ելույթներով հանդես եկան Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ովքեր իրենց խոսքում նշեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական գործընթացը նաև միջոց է կանխելու և կանխարգելու նմանատիպ ոճրագործությունները: Նույն օրը, Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցու սրահում մեկնարկեց արյան տվչության արդեն ավանդական դարձած միջոցառումը, որին ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ու հալեպահայ համայնքի բոլոր կառույցների ղեկավարները: Հսկումի և մոմավառության ավանդական միջոցառում տեղի ունեցավ նաև Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաշենքի բակում: Ձեռնարկն ավարտվեց գեղարվեստական հայտագրով և օրվա խորհրդին համահունչ ելույթներով: Ապրիլքսանչորսյան հիշատակի ձեռնարկներն ավարտվեցին Հալեպի Եսայան սրահում կայացած հիմնական միջհամայնքային մեծ միջոցառման մեկնարկով: Երեք հարանվանությունների առաջնորդների, ավանդական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հիմնական բանախոսի եզրափակիչ ելույթներում անդրադարձ կատարվեցին Ցեղասպանության դատապարտման և պահանջատիրության միջազգայնացման, Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության էլ ավելի ամրապնդման, Սիրիայում խաղաղության հաստատման և անվտանգության ու կայունության շուտափույթ վերականգնման թեմատիկ դրույթներին: Միջոցառման ավարտին Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներն ու միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նմանատիպ նյութեր