211652_close_icon
views-count3970 դիտում article-date 11:13 28-04-2018

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան. Երազում էի Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին. հաղթանակը նվիրում եմ հայրենիքիս

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում մեր հայրենակից Ֆերդինանդ Կարապետյանն, ինչպես հայտնի է, 73 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Մեր մարզիկը վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Հիդայատ Հեյդարովին, իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով. «Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Երկար ժամանակ է` երազում էի այս հաղթանակի մասին և հիմա ես Եվրոպայի չեմպիոն են: Այսօր պայքարում էի միայն ոսկե մեդալի համար: Քրտնաջան մարզվել եմ և դեռ շատ աշխատանք ունեմ անելու: Անկեղծ ասած` մենք այնքան մեծ աշխատանք էինք կատարել, որ չէի կարող պատկերացնել, թե այսօր հնարավոր է պարտվեմ: Շատ հպարտ եմ, որ նվաճել եմ այս մեդալն իմ երկրի` Հայաստանի համար, և ցանկանում եմ այն նվիրել իմ հայրենիքին»,- ասել է Ֆերդինանդ Կարապետյանը: Նշենք` Ֆերդինանդը կրկնել է հայ անվանի ձյուդոիստ Արմեն Նազարյանի ցուցանիշը, ով 2005 թվականին դարձել էր Եվրոպայի չեմպիոն` դառնալով այս տիտղոսը նվաճած առաջին հայ ձյուդիոիստը: Արմեն Նազարյանը, ով այժմ մեր ընտրանու գլխավոր մարզիչն է, ևս մեկնաբանել է Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակը. «Ֆերդինանդն, իսկապես, քրտնաջան աշխատում էր: Այսպիսի մրցաշարում հաղթելու համար պետք է օրուգիշեր լրջորեն պատրաստվես: Շատ հպարտ եմ Ֆերդինանդով, մեր թիմով և մեր նվաճմամբ: Առավոտյան, երբ եկանք մրցավայր, Ֆերդինանդն ասաց, որ իրեն հիանալի է զգում և պատրաստ է հաղթել»: Նշենք` 73 կգ քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արսեն Ղազարյանը, որին մի փոքր չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար և նա գրավել է 5-րդ տեղը: 81 կգ քաշային կարգում էլ հանդես էր գալիս Հայաստանի մյուս ներկայացուցիչ` Վարդան Խաչատրյանը, ով սակայն պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից: Հավելենք, որ առաջնությանը մասնակցում էր 44 երկրի 368 մարզիկ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր