211652_close_icon
views-count6369 դիտում article-date 16:52 26-04-2018

Հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը

Այս օրերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում է ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությունը: Ռուս գործընկերները Հայաստան են ժամանել ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարների պայմանավորվածության համաձայն՝ հրդեհային տեսչության ոլորտում փորձի փոխանակման նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 25-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հրդեհային տեսչության բնագավառում Ռուսաստանի փորձը շատ օգտակար կարող է լինել, քանի որ այս պահին բարեփոխումներ են իրականացվում ՀՀ ԱԻՆ հրդեհային տեսչության և տեխնիկական անվտանգության ոլորտում: «Այս տարվա համար նախատեսված պլանային ստուգումներին զուգահեռ իրականացվում են նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ըստ ռիսկայնության սահմանելով ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը: Հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի յուրաքանչյուր օբյեկտի գործատուի, աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածությունը, սակայն պետք է արձանագրենք, որ միայն տնտեսվարողների բարեխղճությանն ապավինելը թույլ չի տալիս բարձրացնել հրդեհային անվտանգության մակարդակը», - ավելացրեց Դ. Տոնոյանը: ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրեցին ՌԴ ԱԻՆ տեսչական մարմինների գործառույթներն ու առանձնահատկությունները, նշելով, որ բացի հրդեհային անվտանգությունից ստուգումներ են կատարում նաև քաղպաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտներում: ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները, խոսելով Ռուսաստանի Կեմերովո քաղաքում վերջերս տեղի ունեցած ողբերգական պատահարից, նշեցին, որ այդ դեպքից հետո Ռուսաստանում իրականացվում են ոլորտի մի շարք օրենսդրական փոփոխություններ ու բարեփոխումներ: Հանդիպման ընթացքում առաջարկվեց նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային տեսչության աշխատակիցների համար ՌԴ ԱԻՆ ուսումնական հաստատություններից մեկում: Այցի շրջանակում ՌԴ ԱԻՆ Հարավային ռեգիոնալ կենտրոնի ներկայացուցիչների հետ անցկացվեց նաև աշխատանքային քննարկում՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, փրկարար ծառայության աշխատակիցների հետ: Հանդիպմանը ռուս մասնագետները ներկայացրեցին Ռուսաստանում ռիսկով արդարացված վերահսկողությամբ մոտեցման ներդրումն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում: Իրականացվել են օրենսդրական բազմաթիվ փոփոխություններ, որոնք խստացնում են տեսչական գործառույթը և հնարավորություն տալիս ստուգումներ կատարել նաև փոքր բիզնեսի հատվածում: Քննարկման ընթացքում կողմերը վերահաստատեցին սերտ համագործակցության պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր