211652_close_icon
views-count13915 դիտում article-date 16:08 26-04-2018

ՃՈ-ն կկարճի ապրիլի 13-25-ն գրանցված խախտումների վարչական վարույթները, սակայն այդ պրակտիկան չի շարունակվելու. ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ Facebook կայքի իր էջում։ «Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու և վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանության պետի որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր