211652_close_icon
views-count9783 դիտում article-date 12:32 26-04-2018

Մենք ապրում ենք Նոր Հայաստանում. աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար. ՀՀ Նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի և հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր առավոտյան կատարել է հետևյալ ուղերձը. «Սիրելի՛ հայրենակից, Մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երևույթ են: Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված և քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է: Հայաստանի պատմության մեջ ունենք այլևս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի և աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր և իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին: Հայաստան, որը լինելու է իմ և քո երազանքների Հայաստանը: Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի: Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ: Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, և մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով: Ես համոզված եմ, որ հազարամյակների ընթացքում կուտակված ազգային խոհեմությունը թույլ չի տա բաց թողնել այս պատմական պահը: Հպարտ եմ, որ տեսնում եմ այսօրվա Հայաստանը, և ուրախ, որ ապրելու եմ վաղվա հզոր, միասնական, արդար և ծաղկող Հայաստանում: Բարի լո՛ւյս, Հայաստան: Բարի լո՛ւյս, Հայաստանի հպարտ քաղաքացի»:

Նմանատիպ նյութեր