211652_close_icon
views-count12307 դիտում article-date 19:48 25-04-2018

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ներկայացրել է քննչական գործողություններին ընթերակայի մասնակցությանը վերաբերող օրենսդրական բարեփոխումները

ՀՀ Ազգային ժողովը 2018թ. մարտի 23-ին ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանափակվեց քննչական գործողություններին ընթերակայի մասնակցությունը և նախատեսվեց քննչական գործողությունների կատարման ընթացքում տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ։ Հաշվի առնելով կատարված օրենսդրական փոփոխությունների կարեւորությունը՝ ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է քննարկում, որի ժամանակ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը հետաքննության և նախաքննության մարմիններին ներկայացրել է ՀՀ-ում ընթերակայի ինստիտուտին առնչվող օրենսդրական փոփոխությունների առանձնահատկությունները: Նշենք, որ նախկինում ընթերակայի մասնակցությունը պարտադիր էր մի շարք քննչական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ դեպքի վայրի զննմանը, արտաշիրմանը, քննմանը, դիակը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն, խուզարկությանը և առգրավմանը, նմուշներ ստանալուն, քննչական փորձարարությանը, հեռախոսային խոսակցությունների ձայնագրված ժապավենի զննմանը և լսմանը, նամակագրության զննմանը և առգրավմանը: Նոր օրենսդրական կարգավորմամբ կրճատվել է ընթերակայի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների թիվը. պարտադիր է համարվում քննչական փորձարարությանը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն, խուզարկությանը, առգրավմանը, զննմանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մի շարք քննչական գործողություններ կտեսաձայնագրառվեն։ Այդ քննչական գործողություններն են՝ դիակը ճանաչման ներկայացնելը, արտաշիրմումը։ Ընդ որում, դիակը ճանաչման ներկայացնելուն կարող է մասնակցել նաև մասնագետ, իսկ արտաշիրմումը կատարվում է դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետի մասնակցությամբ: Ընդ որում՝ տեսաձայնագրառման պարագայում սահմանվել են նաև տեխնիկական միջոցների կիրառմանը ներկայացվող լրացուցիչ օրենսդրական պահանջներ։ Դրանք են՝ • հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը. • տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատումը հանդիսանում է քննչական գործողության ընդհատելու հիմք, իսկ քննչական գործողությունն ընդհատվելու դեպքում պետք է կազմվի առանձին արձանագրություն՝ նշելով ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Եթե վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կամ օրենքի պահանջով որոշել է քննչական գործողության կատարման ընթացքը տեսաձայնագրել, ապա չի կարող որևէ պատճառով դադարեցնել տեսաձայնագրառումը, իսկ քննչական գործողությունը շարունակել՝ առանց տեսաձայնագրառման: Փաստաթղթի կամ առարկայի զննությանը ընթերակա չի մասնակցում, եթե այն ներկայացրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձը: Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2014թ. նախաձեռնեց ընթերակայի ինստիտուտը բարեփոխելու վերաբերյալ օրենսդրական գործընթաց: Նախագիծը քննարկվել է ոչ միայն շահագրգիռ գերատեսչությունների, այլև իրավաբան գիտնականների, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի փորձագետների հետ, որոնց առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր