211652_close_icon
views-count3221 դիտում article-date 14:53 23-04-2018

Հայաստանի ուղևորափոխադրողները ֆուտբոլի առաջնության ժամանակ ՌԴ քաղաքներ մեկնելիս պետք է անհրաժեշտ կահավորում ունենան. նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել ուղևորափոխադրող ընկերություններին՝ կապված Ռուսաստանում 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման առնչությամբ որոշ կարգավորումներ անելու անհրաժեշտության հետ: «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ուղևորափոխադրող ընկերություններին տեղեկացնում է, որ 2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի Ռուսաստանի Դաշնության կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ: Բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները (կանոնավոր և ոչ կանոնավոր), որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ այդ քաղաքներում կիրականացնեն ուղևորափոխադրում, պարտավոր են տրանսպորտային միջոցները կահավորել տեղորոշման համակարգով և տրանսպորտային միջոցի ու վարորդի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնության համապատասխան անվտանգության մարմիններին՝ տվյալ քաղաք մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ: Համապատասխանաբար չկահավորված կամ պահանջվող տեղեկատվությունը անվտանգության մարմիններին չտրամադրած տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ քաղաք չի թույլատրվի: Անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակված է https://bus.transport2018.com/կայքում: Կայքում առկա է տեղեկատվություն ամբողջ ընթացակարգի և տեղորոշման սարքավորումների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր