211652_close_icon
views-count95991 դիտում article-date 21:59 21-04-2018

Լևոն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան, Մաքսիմ Մանուկյան. պատրաստ ենք դերակատարում ունենալ այլընտրանք չունեցող երկխոսության կայացման մեջ

Մարզաշխարհի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծել են Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները և նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները։ Ցավոք, իրավիճակը գերլարված է և կարող է բռնկվել ցանկացած պահի։ Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և բոլորին, առանց բացառության բոլորին՝ ընդդիմության առաջնորդներին ու քաղաքացիներին, իշխանությանն ու իրավապահ մարմիններին, սթափության ու սառնասրտության կոչ ենք անում։ Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն և բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը: Մենք պայքարում ենք սպորտում, որը խաղաղության և մարդասիրության ամենամասսայական բնագավառն է աշխարհում։ Մենք պայքարում ենք ոչ թե հակառակորդների, այլ մրցակիցների դեմ, ու ցանկանում ենք կոչ անել, որ այսօր Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներն ու ոստիկանները ևս առաջնորդվեն այդ սկզբունքով։ Մենք ողջունում ենք երկխոսության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր դերակատարումն ունենալ այլընտրանք չունեցող երկխոսության կայացման ցանկացած դրսևորման մեջ»։ Հայտարարությունը ստորագրել են՝ Օլիմպիական չեմպիոններ՝ Ալբերտ Ազարյան Լևոն Ջուլֆալակյան Իսրայել Միլիտոսյան Օքսեն Միրզոյան Արթուր Ալեքսանյան Օլիմպիական փոխչեմպիոններ՝ Գոռ Մինասյան Սիմոն Մարտիրոսյան Աշխարհի չեմպիոններ՝ Վաղինակ Գալուստան Մաքսիմ Մանուկյան Եվրոպայի չեմպիոններ՝ Կարեն Մնացականյան Կարապետ Չալյան Հովհաննես Բաչկով Անդրանիկ Կարապետյան Աշխարհի առաջնության մրցանակակիր՝ Հարություն Մերդինյան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալաիր՝ Ռուբեն Ալեքսանյան ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ՝ Դերենիկ Գաբրիելյան Միքայել Հայրապետյան Հակոբ Փանոսյան Վարդան Թովմասյան

Նմանատիպ նյութեր