211652_close_icon
views-count11633 դիտում article-date 20:06 21-04-2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախում խորը անհանգստություն կա վերջին օրերին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում ծավալվող իրադարձությունների շուրջ: Դժվար չէ պատկերացնել թիկունքի ամրության այն զգացողությունը, որն անչափ պահանջված է Արցախում ապրող հայ մարդու և սահմանը պահող զինվորի համար: Մեր պետականությունը սրբություն է աշխարհի բոլոր հայերի համար, որ ձեռք է բերվել հազարավոր անդառնալի կորուստների և զոհաբերությունների գնով: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք համոզվեցինք՝ որքան փխրուն է խաղաղությունը Արցախի և Հայաստանի սահմանին, և որքան ուժեղ է հայ զինվորը, երբ թիկունքում ունի ազգի անվտանգությունը առաջնային դասող, պետականության հիմքերն անսասան պահող հասարակություն: Խիստ մտահոգիչ են լարվածության ծայրահեղ դրսևորումներով զարգացումները, որոնք սպառնում են ազգային անվտանգության կարևոր հիմքերին՝ ներքին կայունությանն ու պետության պաշտպանունակությանը: Մեր ժողովրդին մշտապես հաջողվել է ողջախոհության ու համախմբվածության շնորհիվ արժանապատվորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերը, ապավինելով հայ ժողովրդի խոհեմությանն ու հեռատեսությանը, կոչ են անում հանուն Հայրենիքի խաղաղության ու համազգային համերաշխության՝ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից և օրինականության ու երկխոսության ճանապարհով հասնել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը: «Ազատ Հայրենիք» կուսակցություն Հայ Հեղափոխական դաշնակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Շարժում-88» կուսակցություն 21 ապրիլի, 2018թ. ք. Ստեփանակերտ

Նմանատիպ նյութեր