211652_close_icon
views-count7565 դիտում article-date 19:06 21-04-2018

Արմեն Սարգսյան. Պատրաստակամ եմ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Դրանում մասնավորապես ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել և սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը: Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ և որպես հայ մարդ: Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն և պատասխանատվություն, խստորեն հետևել օրենքի ոգուն և տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների և պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից: Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել: Ուստի, պատրաստակամ եմ հանդի­պե­լու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քա­ղա­քա­կան ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր