211652_close_icon
views-count16317 դիտում article-date 19:33 21-04-2018

Անօրինական հավաքներ անցկացնելու, կազմակերպելու և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը

Այսօր ձերբակալվել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող զանգվածային ցույցերի կազմակերպիչներից, քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը, որում նշված է. «Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Ա. Գ.-ն: Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա. Գ.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել և ղեկավարել է հանրային հավաք, այդ թվում՝ երթեր, առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երևանի քաղաքապետարանին: Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին և նախազգուշացումներին` Ա. Գ.-ն և մյուսները չեն կատարել վերը նշված օրենքով սահմանված` հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունները: Ավելին, շարունակելով անօրինական գործողությունները, Ա. Գ.-ն հավաքի մասնակիցների հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ: Մասնավորապես, 13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարան: Ա. Գ.-ն և անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետև, տևական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը: Այնուհետև, անտեսելով ոստիկանության օրինական պահանջը և շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները, 16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ: Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Ա. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»։

Նմանատիպ նյութեր