211652_close_icon
views-count9566 դիտում article-date 14:23 21-04-2018

ՄԻՊ-ը Երևանում հավաքի մասնակիցներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ

Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը: Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: Սրան ավելանում են նաև հաճախակի դարձող բռնության դեպքերը: Հատկապես մտահոգիչ են սոցիալական ցանցերում Ոստիկանության գործողությունները նկարագրող նյութերի ներքո հայտնված մեկնաբանությունները, որոնցով արվում են Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ առանձին դեպքերում նրանց կյանքից զրկելու կոչեր: Ստեղծված իրավիճակում անընդունելի են նաև պետության կարևորագույն գործառույթներ իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների շրջափակումները: Զգալիորեն աճել են ահազանգերը, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների խախտումներին: Պետք է ապահովել նաև երեխաների խիստ պաշտպանվածությունն ու անվտանգությունը՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից: Այսպիսի իրավիճակը հղի է մարդու իրավունքների լուրջ խախտումների սպառնալիքով, ինչպես նաև այդ խախտումները կանխարգելելու խոչընդոտների վտանգով: Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մթնոլորտը լարող և բռնության դեպքերի վտանգ ստեղծող գործողություններից: Ողջունելի են բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք ուղղված են ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը: [b]Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր