211652_close_icon
views-count6745 դիտում article-date 11:16 21-04-2018

Գերադասում եմ հանդարտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անկեղծ ասած, չեմ սիրում հեղափոխությունները՝ վանկարկումները, ոստիկանների հետ քաշքշուկը, բոցաշունչ ճառերը, անհանդուրժողական-կատեգորիկ դատողությունները, մերժողականությունը, անարխիան, հաշվեհարդարի սպառնալիքները իշխանավորների և «չմիացածների» հասցեին: Գերադասում եմ հանդարտ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված և որոշակի մտավոր մակարդակ ունեցող քննարկումներ: Բայց նաև հասկանում եմ, որ առանց վերը թվարկած հատկանիշների, հեղափոխություններ չեն լինում, և ասել հեղափոխական էյֆորիայի մեջ գտնվող մարդկանց, մանավանդ երիտասարդներին՝ «մի արեք», նշականում է թքել քամուն հակառակ ուղղությամբ: Չգիտեմ, կհաջողի Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, թե ոչ, բայց մի բան պարզ է՝ եթե մարդկանց դժգոհությունը, ցասումը չհասներ կրիտիկական աստիճանի, ապա ոչ մի Նիկոլ և ոչ մի արևմտյան տեխնոլոգիաներ չէին նպաստի նրան, որ նման քանակությամբ մարդիկ դուրս գան փողոց: Վստահության պակասը իշխանությունների և քաղաքացիների միջև ձևավորվել է ոչ երեկ, ոչ էլ 10 տարի առաջ: Այդ անվստահությունը հիմնված է մի կողմից իշխանությունների պատրանքների վրա, որ երկիրը զարգանում է և մարդկանց վիճակը բարելավվում է, մյուս կողմից քաղաքացիների մեծ մասի պատրանքների վրա, թե կգա «բարի իշխանություն» և կլուծի իրենց բոլոր խնդիրները: Փոխադարձ պատրանքները ստեղծում են փոխադարձ անվստահություն: Բայց ամենևին փաստ չէ, որ բողոքից ու ցասումից ինչ-որ բան կծնվի: Ինձ համար բացարձակապես պարզ չէ, թե ինչ են անելու հեղափոխականները, եթե նրանց պայքարը հաջողության հասնի: Նույնիսկ մարտավարական առումով հասկանալի չէ, թե ինչու է ներկայիս վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքական մեծամասնությունն ընտրելու ոչ ՀՀԿ-ական նոր վարչապետի, ինչու է խորհրդարանը համաձայնելու տապալել նոր կառավարության ծրագիրը (նախապես անպե՞տք ծրագիր են գրելու) և ամենակարևորը՝ ինչ սկզբունքով է կազմվելու ժամանակավոր կառավարությունը: Հրապարակո՞ւմ են անուններ գոռալու: Բայց դարձյալ ենթադրենք, որ այս հարցերում նույնպես քաղաքական ուժերը գալիս են համաձայնության: Կան ավելի էական հարցեր: Ինչո՞ւ պիտի Հայաստանից մարդիկ, այլևս չգնան, իսկ գնացածները վերադառնան: Ինչո՞ւ պիտի չինովնիկները չգողանան և կաշառք չվերցնեն: Աչքս տեսածից է վախենում: 1997 թվականի աշնանը Հայաստանում էլի հեղաշրջում էր տեղի ունեցել, ճիշտ է՝ ոչ «ժողովրդական», այլ՝ պալատական: ՀՀՇ-ականները մեկ գիշերում դարձան «Երկրապահ», իսկ այնուհետև՝ հանրապետական: Այնպես որ հիմա էլ հիպոտեթիկ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ականներն իրենց տեղը կգտնեն: Կասեն՝ ես չէի ուզում, ինձ ստիպեցին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր