211652_close_icon
views-count5842 դիտում article-date 20:41 20-04-2018

Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը. Փաստաբանների պալատ

[b]Փաստաբանների պալատի հայտարարությունը վերջին օրերին ծավալվող գործողությունների վերաբերյալ.[/b] Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք ցավոք այսօր սկսեցին զուգորդվել ընդգծված բռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։ Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը, ինչպես նաև անընդունելի են ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։ Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը։ Նման սցենարներ պատմության մեջ հատկապես վերջին տարիներին շատ են կրկնվում։ Չէինք ցանկանա ավելորդ խուճապի առիթ ստեղծել, ինչպես նաև քաղաքականացնել մեր մոտեցումը, սակայն լինելով հայրենասեր և սրտացավ համայնք, չենք կարող չհիշել թավշյա հեղափոխությամբ սկսված և եղբայրական արյունահեղությամբ զուգորդված, արդյունքում տարածքային կորուստներ կրած և պատերազմական դրությունից ուշքի չեկող երկրների դաժան փորձը։ Հորդորում ենք այս գործողությունների կազմակերպիչներին չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։ Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով։ Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին։ [b]ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան[/b]

Նմանատիպ նյութեր