211652_close_icon
views-count4839 դիտում article-date 18:43 19-04-2018

Սպորտի և առողջ ապրելակերպի առաջին մասնագիտացված «SportWay» ցուցահանդեսը Երևանում

Առաջին անգամ Երևանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Էքսպո Գրուպ» ընկերության հետ համատեղ կազմակերպում է սպորտի և առողջ ապրելակերպի առաջին մասնագիտացված «SportWay 2018» ցուցահանդեսը: Մասնագիտացված ընկերությունները, մարզաձևերի ֆեդերացիաները, սպորտային զբոսաշրջության ոլորտում աշխատող կազմակերպությունները ապրիլի 20-ից մինչև 22-ը ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն ոլորտի նորարարությունները՝ ինչ մարզաձևով զբաղվել, ինչ մարզահագուստ կրել, ինչպես առողջ սնվել, որ մարզասրահն այցելել, սպորտային զբոսաշրջությամբ զբաղվելու ինչ տարբերակ ընտրել և այլն: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները և ոլորտի փորձագետներն աշխատում են մեր երկրում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Պատահական չէ, որ այդ օրերին նույն վայրում անցկացվում է նաև «InTour Expo 2018» միջազգային ցուցահանդեսը, ինչը կնպաստի էքստրեմալ և սպորտային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում»,- ասել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Աստղիկ Մարտիրոսյանը: «SportWay 2018» ցուցահանդեսի գլխավոր աջակիցը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է, որը ցուցահանդեսում ներկայացնելու է Հայաստանի օլիմպիական հավաքականի նոր մարզահագուստը: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 12.00-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում (Երևան, Հ. Հակոբյան 3, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ): Հանդիսավոր արարողությունից հետո նախատեսվում է ցուցահանդեսին մասնակցելու համար Երևան ժամանած հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ասուլիսը։

Նմանատիպ նյութեր