211652_close_icon
views-count7102 դիտում article-date 16:09 18-04-2018

Սլովակիայի միջոցով չեխական զենքն ապօրինի տեղափոխվում է Ադրբեջան. չեխ լրագրողների բացահայտումը. Armenpress.am

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է չեխական հրթիռային կայանքները և հաուբիցները մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան տեղափոխելու համար: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/930352.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով The Slovak Spectator-ը, այս մասին բացահայտում են արել չեխ լրագրողները՝ ընդգծելով, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու հարցում արգելք կա, որը, փաստորեն, խախտվել է: Նշվում է, որ զենքերն արտադրվում են չեխական Czechoslovak Group հոլդինգի կողմից, որի սեփականատերը զենքի արտադրությամբ զբաղվող հայտնի չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է: Ընկերությունը թեպետ հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն այդ մասին տեղեկության հրապարակումից հետո սլովակյան MSM զինագործական ընկերության աշխատակիցը խոսել է և պատմել, թե ինչպես են հին զենքերը Սլովակիայի Տրենչին քաղաքում գործող ընկերությունում վերապատրաստվել, իսկ այնուհետև Իսրայելի միջոցով տեղափոխվել Ադրբեջան: Տեղեկությունը տարածվեց, երբ ադրբեջանական բանակը վերջերս գովազդներից մեկում պարծեցավ չեխական արտադրության զենքերով: Մասնավորապես, նրանք ի ցույց էին դրել հրետանային ինքնագնաց կայանք, 18 կիլոմետր հեռահարություն ունեցող «Դանա» տեսակի հաուբից, ինչպես նաև 20 կիլոմետր հեռահարություն ունեցող «Վամպիր» համազարկային կրակի համակարգ: «Ամբողջ գործընթացը սկսվում է «Դանա» տեսակի հին հաուբից բերելով, որն ընկերության կողմից մասերի է բաժանվում»,- Սլովակիայի TASR լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխական հեռուստաընկերության լրագրողներին ասել է MSM ընկերության աշխատակիցը: Մասերի բաժանված զենքի շասսին ուղարկվում է Չեխիայի Շտերնբերկ քաղաքում տեղակայված գործարան, որը ևս պատկանում է Յարոսլավ Ստրնադին: Շասսիի վերապատրաստումը տևում է 2-3 շաբաթ, այնուհետև այն ուղարկվում է հետ՝ Սլովակիա: Հաուբիցի մնացած մասերի վերապատրաստումից հետո այն կրկին հավաքվում է և անցնում բալիստիկ փորձարկում: Աշխատակիցը հայտնել է նաև, որ սարքերը, այդ թվում և նավիգացիոն, տեսախցիկի ու կապի համակարգերն ուղարկվում են Իսրայելից: Նա տեղեկացրել է, որ իրենք ստորագրել են պայմանագիր 2018 թվականին 18 հաուբից և 15 հրթռիային կայանք մատակարարելու վերաբերյալ: Նույն քանակությամբ դրանք մատակարարվելու են նաև 2019-ին: Չեխիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յան Պեյշեկը հայտնել է, որ հետախուզական ծառայությունն ուսումնասիրում է զենքի արտահանման մասին տվյալները: Չեխական լրատվամիջոցները կապվել են MSM հոլդինգի հետ, որը հաստատել է «Դանա» տեսակի հաուբիցների և RM-70 հրթիռային կայանքի մատակարարումն Իսրայելին: Մարկետինգային տնօրենը, սակայն, հրաժարվել է տրամադրել այլ տեղեկություններ՝ հաշվի առնելով դրանց գաղտնիությունը: Այդուհանդերձ, նա հերքել է զենքերի վերաբերյալ որևէ գործարքի առկայությունը Ադրբեջանի հետ: Սակայն լրագրողները զենքի նման տեղափոխում արձանագրել են տեսախցիկների միջոցով: 2017 թվականի դեկտեմբերի 27-ին Բրատիսլավայի օդանավակայանից հրթիռային կայանքը ադրբեջանական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռով տեղափոխվել է Իսրայել՝ Թել Ավիվ, որտեղ պետք է զենքը փոխանցվեր որպես հաճախորդ գրանցված Elbit ընկերությանը: Թել Ավիվից ինքնաթիռն ուղևորվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: «Իսրայելում ոչինչ ինթնաթիռից չի իջեցվել, օդանավը միայն կանգառ է արել՝ համոզվելու, որ փաստաթղթերը կարգին են: Ինքնաթիռն Իսրայելի օդանավակայնից ուղիղ թռիչք է արել Ադրբեջան»,- MSM-ի աշխատակիցն ասել է Չեխական հեռուստաընկերությանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/930352.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր