211652_close_icon
views-count4864 դիտում article-date 15:36 17-04-2018

Աղվան Վարդանյան. «Այսօր Հայաստանի քաղաքացիների մի մասը տարբեր պատկերացում ունի մեր ճանապարհի վերաբերյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Հարգելի պարոն Սարգսյան, Ես անցյալից չեմ խոսի: Մինչև այժմ արված-չարվածի գնահատականը պատմությունն ու ժամանակն են տալու: Տալու են և՛ մեր սերնդին, և՛ գլխավոր դերակատար անձանց: Տալու են՝ գրանցելով նաև այն արդյունքները, որ այս ընտրությամբ հնարավորություն է ստանում իրականացնել Սերժ Սարգսյանը: Տալու են մեկնելով մի չափանիշից՝ ինչպիսի՛ Հայաստան ու հասարակություն ենք ունենալու: Կխոսեմ այն խնդիրներից, որ ծառացած են մեր պետականության առաջ և որոնք, այս փուլում, կարծում եմ, ճշգրիտ են ձևակերպված: Միշտ ասել եմ՝ առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում երեք հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը՝ իր համակարգային փոփոխություններով, այս գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հանրապետության նախագահի ելույթը և Հանրապետական ու Դաշնակցություն կուսակցությունների երկու համաձայնագրերը՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելու, երկրում որակական, արմատական բարեփոխումներ կատարելու նպատակադրումով: Ի՞նչ է ենթադրում նոր Սահմանադրությունը, որո՞նք են նպատակներն ու խնդիրները՝ ոչ իմ ձևակերպմամբ: -«կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, -Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր, -խիստ կնվազի իշխանության անձնավորումը, -չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը, -կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը, -երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ դասական քաղաքական համակարգ, -երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելիս, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։ Սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու համար: Սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման ճանապարհին: Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողություն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն» մշակույթը: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որ հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ: Քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ: Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությամբ, համագործակցաբար, ուս ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ, մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է: Արցախի հարցում ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։ Այս ընդարձակ հատվածից առաջ ասացի՝ ոչ իմ ձևակերպմամբ: Այո, այս մեջբերումները Ազգային ժողովում Հանրապետության նախագահի 2017թ. մայիսի 18-ի ուղերձից էին: Հիմա մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ՝ հսկայական խնդիրների ա՛յս բեռով ու պատասխանատվությամբ: Նաև՝ մեջբերումներով վստահ, որ ինքն ամենից լավ է պատկերացնում մարտահրավերները, տեսնում անցնելիք դժվար ճանապարհը: Այստեղ գովերգումներն ու հաճոյանալը տեղին չեն, տեղին է յուրաքանչյուրիս՝ մեր բաժին պատասխանատվության ստանձնումն ու ամենօրյա աշխատանքը: Մանավանդ վերջերս պարոն Սարգսյանը խոսել է այս ընթացքում իր անհատական բացառիկ պատասխանատվության մասին: Այս ընտրությամբ մենք նաև բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը, երբ գործադիր իշխանությունը կղեկավարեր մեկը, բայց որոշումները կկայացվեին այլ տեղում: Հարգելի խորհրդարան, Այսօր Հայաստանի քաղաքացիների մի մասը տարբեր պատկերացում ունի մեր ճանապարհի վերաբերյալ: Իրենց իրավունքն է: Բայց միայն Հրանտ Մաթևոսյանի՝ «քո ազատության սահմանը մինչև իմ ազատության սահմաններն են» գիտակցումով: Ես վստահ եմ՝ մեր համատեղ առաջադրած նպատակներն ու հետևողական աշխատանքն են ապահովելու երկրի բնականոն զարգացումն ու անվտանգությունը: Մեր մոտեցումներն ավելի փաստարկված են ու գործուն: Հարգելի պարոն Սարգսյան, Ձեզ մաղթում եմ կամք, իմաստնություն և վճռականություն: Որ երբ գա ժամանակը, կարողանաք հանգիստ խղճով ասել՝ ճակատագրով ինձ վիճակված բեռը տարել եմ պատվով ու պատասխանատվությամբ. Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է: 17.04.2018թ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր