211652_close_icon
views-count3643 դիտում article-date 13:55 17-04-2018

Գրքի տոն՝ հայկական երկրորդ հանրապետությունում. Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես

Հայաստանյան վերջին տարիների լավագույն հրատարակությունները՝ հայկական երկրորդ հանրապետությունում: Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքերի տոն և անկացվել գրքերի ցուցահանդես-վաճառք: Հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը գրքի տոնի շրջանակում հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի հետ, հանդես եկել «Նոր տեխնոլոգիաները հրատարակչական գործունեության մեջ» դասախոսությամբ: Մկրտիչ Կարապետյանը հանդիպում-դասախոսության մեկնարկին անդրադարձել է հայ տպագրական գյուտին, ներկայացրել 1512 թ. Հակոբ Մեղապարտի տպագրած հայկական առաջին գրքի` «Ուրբաթագրքի»` «Էդիթ Պրինտ»-ի կողմից ֆաքսիմիլային ծրագրով պատրաստած տարբերակը: Կարապետյանը պատմել է հրատարակչության ստեղծման մասին, ներկայացրել այն բոլոր գրքերը, որոնք լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: «Վերջին տարիներին մենք սկսեցինք ուշադրություն դարձնել թարգմանական գրականությանը՝ թարգմանելով թե՛ դասական, թե՛ ժամանակակից հեղինակների գործեր: Սովետական տարիներին գրքերը թարգմանվում էին առանց հեղինակային իրավունքի, իսկ այսօր մենք յուրաքանչյուր գիրք թարգմանում և լույս ենք ընծայում հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ: Ընդ որում՝ մենք մշտապես թարգմանում ենք գործը բնագիր լեզվից: Նախկինում տարբեր ստեղծագործություններ գրաքննվում էին, հանվում էին որոշ հատվածներ, իսկ մենք ներկայացնում ենք այս կամ այն գրքի ամբողջական թարգմանությունը»,-իր ելույթում նշել է հրատարակչության հիմնադիր-տնօրենը: Մկրտիչ Կարապետյանը հատուկ շեշտել է, որ հրատարակչությունն ընտրում է լավագույն գրքերը, որպեսզի մեր ընթերցողը ծանոթանա, օգտագործի այն բոլոր գիտելիքները, որոնք առկա են գրքերում: Հրատարակչության հիմնադիր-տնօրենը, կարևորելով հրատարակչական գործը ՀՀ-ում և ԱՀ-ում, անհրաժեշտություն է համարել նոր տեխնոլոգիաների կիրառումը հրատարակչական գործում` կրթական, մշակութային, գիտական գործընթացներն արդյունավետ կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում Մկրտիչ Կարապետյանը ներկայացրել է նաև էլեկտրոնային հավելվածների ներդրմամբ հրատարակված գրքեր, ինտերակտիվ ձեռնարկներ, երաժշտական գրքեր, աուդիոգրքեր, ուսուցողական, զարգացնող նյութեր, ամսագրեր, դասագրքեր: Իր խոսքում հրատարակչության տնօրենն առանձնահատուկ շեշտել է, որ Արցախ այցելելը մշտապես հաճելի է, և որ 4-5 տարի առաջ «Էդիթ Պրինտ»-ը եղել է Արցախի բոլոր շրջաններում և կազմակերպել է գրքերի ցուցահանդես: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ ներկայացվել են մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո ներկայացվել են հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր են ներկայացվել տարիքային տարբեր խմբերի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր